Մեր էլեկտրոնային հասցեն mkrtumyan-02@mail.ru
Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 29 » Ալեձև թութակ
15:59
Ալեձև թութակ

Բնութագիր

Ալեձև թութակը չափերով բավականին փոքր է: Այն համարվում է ամենատարածված թռչնատեսակը ընտանի թութակների մեջ: Այն Ալեձև թութակների ցեղի միակ թռչնատեսակն է: Այս փոքրիկ թութակի մարմնի երկարությունը մինչև 20 սանտիմետր է, իսկ քաշը միջինում 30 գրամ է: Էգ թռչունները արուներից փոքր-ինչ ավելի թեթև են: Ալեձև թութակները տարբերվում են այլ տեսակի թութակներից՝ շնորհիվ իրենց փոքր չափսերի և փետուրների յուրօրինակ գունավորման: Փետուրների գունավորման տարբերակները բազմաթիվ են: Զգալի տարբերություն կա հատկապես վանդակներում պահվող և վայրի թռչունների փետուրների գունավորման միջև: Ընդհանրապես, հիմնական գույնը՝ կանաչն է: Վայրի Ալեձև թութակների ճակատը և կոկորդը սովորաբար դեղին են: Մարմնի վերին հատվածում, գլխի, պոչի և թևերի վրա սև հորիզոնական գծեր են: Բացի կանաչից, պոչամասում լինում են նաև մի քանի կապույտ փետուրներ: Կտուցը սուր է, վերևինը ավելի մեծ է քան ստորինը:

Ալեձև թութակներն ըստ սեռի՝ արտաքնապես գրեթե չեն տարբերվում: Նրանց սեռը կարելի է որոշել կտուցի գունավորումից: Ընդհանրապես այն կապույտ է, իսկ զուգավորման շրջանում էգերի մոտ շագանակագույն է կամ կաթնագույն:

 

Տարածումը և բնական միջավայրը

Ալեձև թութակն իր ծագումով Ավսրալական թռչնատեսակ է և էնդեմիկ է Ավստրալիայի համար: Ալեձև թութակները նախընտրում են անտառածածկ վայրեր, մարգագետիններ, կիսաանապատային կամ խոնավ բնական միջավայրեր, որոնք առկա են Ավստրալիայում:

Վարքը

Ալեձև թութակները վարում են քոչվոր կյանք, ինչը նշանակում է, որ նրանք փոխում են իրենց բնակավայրը՝ կախված սննդի և ջրի առկայությունից: Նրանք ապրում են փոքր կամ մեծ խմբերով: Ապրելու պայմանների վատթարացման դեպքում նրանք երբեմն տեղափոխվում են ավելի անտառածածկ վայրեր կամ ափամերձ շրջաններ, որոնցից նրանք սովորաբար խուսափում են: Ալեձև թութակները ցերեկային թռչուններ են: Նրանք արթնանում են արևածագից քիչ առաջ, մաքրում են փետուրները և իրենց երգով դիմավորում են օրը: Օրվա ընթացքում նրանք սնունդ են փնտրում, սակայն կեսօրի շոգ ժամերին հանգստանում են՝ պատսպարվելով ստվերում: Օրվա վերջում նրանք խմբերով մեծ արագությամբ թռչում են ծառերի շուրջ, այնուհետև վերադառնում են իրենց բները, որտեղ հանգստանում են մինչ հաջորդ օրը: Ալեձև թութակների հաղորդակցման մեջ կարևոր դեր են խաղում ձայնային ազդանշանները: Ձայնային ազդանշաններով նրանք ձևավորում են խմբեր, զգուշացնում են միմյանց տագնապի մասին:


Սննդակարգը

Ալեձև թութակները հիմնականում սնվում են խոտի սերմերով, մրգերով, հատապտուղներով, ինչպես նաև Ավստրալիայի համար էնդեմիկ համարվող սփինֆեքս տեսակի խոտի սերմով: Այս սննդակարգը նրանց բավարար չափով էներգիա է տալիս և կարիք չի զգացվում այն համալրել լրացուցիչ այլ սնունդով: Ալեձև թութակներն օրվա ընթացքում մեծ քանակությամբ ջուր են խմում: Սա է պատճառը, որ նրանց շատ հաճախ կարելի է հանդիպել ջրափոսերի մոտ:


Բազմացումը

Ալեձև թութակները բազմացման ստույգ ամիս չունեն: Զուգավորման շրջանի սկիզբը կախված է սննդի առկայությունից: Հիմնականում այն սկսվում է հորդառատ անձրևներից հետո, երբ խոտը սկսում է արագ աճել: Զուգընկերոջը գրավելու համար թութակները մաքրում են իրենց փետուրները և կերակրում են միմյանց: Չնայած նրան, որ այս թռչունները մոնոգամ են, նրանք զուգավորվում են խմբերով: Բնության մեջ Ալեձև թութակները բույն են հյուսում ծառերի կամ կոճղերի խորշերում, որոնք նրանք լցնում են տարբեր փափուկ նյութերով: Միևնույն ծառի վրա հաճախ մի քանի բներ կարող են լինել: Էգրեը 4-6 ձու են ածում, որից հետո մոտավորապես 18 օրվա ընթացքում ծնվում են փոքրիկ Ալեձև թութակները: Ինկուբացիոն շրջանում էգ թութակները գրեթե չեն լքում իրենց բույնը և կերակրվում են արուի կողմից: Մոտավորապես մեկ ամսեկանում փոքրիկ թռչունները սկսում են փետրավորվել և լրիվ հասունանում են 6 ամսեկանում:  

Դիտումներ: 1309 | Ավելացրեց: Hayk | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]